Եթե իրավապահները պարզեն՝ խախտում կա, կունենան...

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարաձել է Հայկ Ֆարմանյանի՝ 2006-2019 թվականներին պետական պաշտոններ զբաղեցնելուն և ՊԵԿ-ում աշխատանքին։

«18 տարին բոլորելուն պես բացվել է մի կազմակերպություն՝ «Արդշինբրոք» անվամբ, որը տնօրինել եք դուք և որը, հետաքրքիր պատահականությամբ, սկսել է զբաղվել մաքսային ծառայությունների մատուցմամբ հենց այն ժամանակ, երբ դուք աշխատել եք մաքսային ծառայությունում»,– ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մաքսային իրավական ակտերի համաձայն՝ Ֆարմանյանը իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Եվ հիմա, եթե իրավապահները պարզեն, որ այնտեղ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը»,– նշել է պատգամավորը։

Վարդանյանն անդրադարձել է նաև Ֆարմանյանի այն պնդմանը, թե 2024 թվականից այլևս կապ չունի այդ կազմակերպության հետ։ Նա հիշեցրել է, որ, ինչպես նշվել է նախորդ տարի, այդ կազմակերպությունը Ֆարմանյանին 40 մլն դրամի փոխառություն է տրամադրել։

«Դա էլ մի կողմ։ 2025 թվականի նոյեմբերին այդ կազմակերպությունը մասնակցել է գնումների, որտեղ որպես կոնտակտ՝ Farmanyan80mail․ru»,– ասել է Վարդանյանը՝ վկայակոչելով այդ էլեկտրոնային հասցեն։

Պատգամավորն անդրադարձել է նաև փոխառության մասին հարցին՝ նշելով, որ Ֆարմանյանը պատասխանել է, թե դա գաղտնիք է։ Վարդանյանը հիշեցրել է, որ Ֆարմանյանն այժմ Ազգային ժողովի պատգամավոր է և, իր գնահատմամբ, չի կարող գաղտնիության հղումով խուսափել այդ հարցից։

«Դուք աշխատել եք հարկային մարմինների ստուգումների բաժնի պետ՝ չնայած ձեր երիտասարդ տարիքին, և ձեր ուղիղ պարտականություններից էր հայտնաբերել, թե որտեղ է այդ կոռուպցիան։ Դուք ասում եք՝ ես չգտա։Այս իրավիճակը ինձ վստահություն չի ներշնչում »,–ընդծել է նա։