
Բյուջեի հաշվետվությունը փաստերի մասին խոսելու առիթ է, ուրախ եմ արձանագրել, որ հետաքրքրվածությունը բյուջեի նկատմամբ տարեց տարի աճում է. այս մասին Աժ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է բյուջեի բովանդակությունն ավելի մատչելի դարձնել, ընդլայնել հաղորդակցության ուղիները՝ այդպիսով, բյուջեի շահառու տարբեր խմբերին առաջարկելով ավելի հասցեական բովանդակություն:
«Բյուջեն մեր բոլորի մասին է, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու մասին, վարչապետն ասաց, որ բյուջեի ծախսային մասի շահառուն ենք մենք բոլորս, առանց բացառության: Ես ուզում եմ ավելացնել՝ բյուջեի ձևավորման մասնակիցը ևս բոլորս ենք, առանց բացառության: ՀՀ-ում բյուջեի ձևավորումն ամեն մեկի մասնակցային պատասխանատվությունն է»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում չկա գոնե մեկ մարդ, ով հարկ չի վճարում, հակառակն անհնարին է: «Եթե որևէ մեկը որևէ բան է գնում խանութից կամ վճարում հոսանքի, ջրի, գազի վարձը, նա արդեն հարկ է վճարում: ԱԱՀ-ն, որը ներառված է ապրանքների գնի մեջ, վճարում է սպառողը, վաճառողի միջոցով, եկամտային հարկի զգալի մասը վճարվում է գործատուների միջոցով: Հետևաբար, բոլորս այս կամ այն չափով պետական բյուջեի համահեղինակներ ենք, հետևաբար մենք բոլորս ենք ձևավորում մեր միջոցներով ապահովված և մեր կարիքների համար ծախսվող այս համակարգը»,- նշեց նա:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ երբեմն այս համակարգի բարդությունը ստիպում է մտածել՝ իսկ փող հավաքելու և հետ վերաբաշխելու իմաստն իրավամբ ո՞րն է:
«Եթե կարող ենք ունենալ պարզ մի կյանք, որտեղ ոչ հարկ վճարելու, ոչ էլ այդ գումարը ծախսելու կարիք կա, ապա հարկ հավաքելու իմաստը ո՞րն է: Այդ դեպքում է, որ մենք պետություն ուղղակի չէինք ունենա: Եթե մտքի ծայրով անգամ անցկացնենք՝ իսկ պե՞տք է ունենալ այդ պետությունը, ապա կբախվենք մի այլ իրականության, որտեղ անհնարին է գոյություն ունենալ անկախ: Անհնարին է, որ այդ դեպքում մեկ այլ պետության կազմում չհայտնվեինք, որ ինքը որոշեր, թե մենք որքան հարկ պիտի վճարենք և ինչի վրա պիտի ծախսվեն մեր կողմից վճարված գումարները։ Ես ուզում եմ, որ հաշվի առնենք այս փաստերի էականությունը, ուզում եմ, որ հասկանալի դառնա այն, որ հարկային համակարգը ոչ թե արհեստականորեն ձևավորված բարդություն է, այլ աշխարհում գոյություն ունենալու նախապայման»,- ասաց նա: