Եթե ՀԱՊԿ-ը իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չ...

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն դիրքորոշմանն է, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, քանի որ չի պաշտպանում իր տարածքը, այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքը:

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի Հայաստանից դուրս գալու վերաբերյալ հնարավոր հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Բնական է՝ իրենք չեն ուզելու դուրս գան: Իրենց դուրս գալն իրենց քայլերով է ի ցույց դրվում»:

ԱԺ նախագահը չգիտի Հայաստան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի նպատակը:

Պատասխանելով հարցին, թե նրա այցից հետո հնարավո՞ր է, որ հայկական կողմում ինչ-որ բան փոխվի՝ Սիմոնյանն ասաց. «Դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կհայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարածքում, և իրենք ՀԱՊԿ բոլոր երկրներով պահանջում են, որ այդ զինուժը դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից: Պետք չէ, որ բելառուս, ղազախ զինվորները գան այստեղ և ուժով դուրս հանեն, բայց գոնե մինչև նման հայտարարություն չլինի, ՀԱՊԿ-ը չի աշխատում: Եթե ՀԱՊԿ-ը իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն ՀԱՊԿ-ը չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը: