Եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև ՌԴ-ն,...

ՀԱՊԿ-ի մասով Հայաստանը ոչ թե ակնարկում է, այլ ուղիղ տեքստով ասում է՝ այսպես չի կարող երկար մնալ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև ՌԴ-ն, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Կոստանյանն ասաց, որ մենք շարունակում ենք լինել եվրասիական միության անդամ, ինչպես նաև շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ երկրների հետ: «Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, կկայացնենք»,- ասաց նա:

Հարցին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված դիրքորոշումը խոցելի չի դարձնում մեզ, Կոստանյանն ասաց. «Կարծում եք՝ լինելով ՀԱՊԿ անդամ՝ պակաս խոցելի ենք եղե՞լ»։