Եթե երկու տարի առաջ առաջարկված բանաձևերը կյան...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծավալուն հարցազրույց է տվել  RT հեռուստաալիքի YouTube-ի ալիքին: Ի թիվս այլ հարցերի Պեսկովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, ըստ Պեսկովի, կնքված համաձայնագրի մեջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը առանցքային է, ստորագրմանը նախորդել է լարված աշխատանք երկու կողմերի հետ էլ:

«Գիտեք, որ այս ռազմական գործողությանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, առաջին հերթին, Ռուսաստանի համանախագահների կողմից կարգավորման որոշ բանաձևեր առաջարկելու փորձեր: Այս բանաձևերը կային, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չաշխատեցին այս կամ այն պատճառով», - ասել է Պեսկովը:

Ըստ նրա, «եթե այդ բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի, և հնարավոր կլիներ խուսափել ավելի քան հազար հայ ր ադրբեջանցի երիտասարդների մահից»:

Սակայն նա չի հստակեցրել, թե դրանք ինչ բանաձևեր են: «Չեմ կարծում, որ կարող եմ դրանց անունները տալ: Ավելին, դրա կարիքը հիմա երևի չկա»,- նշել է նա:

Պեսկովն ընդգծել է, որ շփման խմբի բոլոր համանախագահող երկրները չեն կիսում Բաքվի մոտեցումը, և բոլոր երկրները պնդում են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են:

«Ինչին, ըստ էության, բոլորը փորձում էին համոզել Ալիևին: Գիտեք, որ կար երեք նախագահների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի անհապաղ, շատ կարևոր հայտարարությունը: Ֆրանսիան առանձին ջանքեր գործադրեց: Վաշինգտոնն առանձին ջանքեր գործադրեց, սակայն ընդհանուր ջանքերին համահունչ: Դա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում ունեցավ կոնսենսուս գտնելու հարցում», - ասել է նա: