
Արդադատության նախարար Սրբուհի Գալյանը հերթական անգամ կիսատ թողեց ճեպազրույցը լրագրողների հետ: Նախ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի Փաշինյանի կողմից հոգևորականների և եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, մանավանդ որ շրջանառվում է, թե դա սահմանադրական կարգի տապալում է:
Գալյանն ի պատասխան նշեց, թե ստիպված է դասախոսություն կարդալ, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Երբ նախարարը սկսեց բացատրել, թե ինչ է սահմանդրական կարգի տապալումը, լրագրողները նշեցին, որ դասախոսությունը լսարանում կարդա և հարցերին պատասխանի ըստ էության:
«Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր՝ իրականում շատ տարօրինակ և անհարգալից պահվածքին: Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես եմ ասում եմ»,- ասաց նախարարը:
Գալյանը նշեց, որ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի կամ անձի, այդ թվում և իրավաբանական անձի մասին, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում:
Ճշտող հարցին՝ Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ո՞վ ունի, պետությունը ունի՞, Գալյանն ասաց. «Եկեք հարցը հետևյալ համատեքստում դիտարկենք՝ եկեղեցին սահմանադրական մարմի՞ն է, թե՝ ոչ»:
Երբ լրագրողները նրան ընդհատեցին, նախարարը կիսատ թողեց ճեպազրույցը: «Եթե բարի լինեք ու մյուս անգամ լսեք, ես Ձեզ ժամանակ կտրամադրեմ կպատասխանեմ»,- ասաց նա:
Երբ լրագրողները նրան ընդհատեցին ուր ասացին, որ նախարարը չի կարող այդպես խոսել իրենց հետ, Գալյանն ասաց, որ հրավիրում է բոլոր լրագրողների Արդարադատության նախարարություն էթիկայի դասընթացների, կազմակերպելու քննարկում իրավական լրագրության մասին:
Ինչին ի պատասխան լրագրողներից մեկն ասաց. «Գուցե Փաշինյանին հրավիրեք էթիկայի դասընթացների նման բառապաշարով խոսելու համար»: