Եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է պատահել, որ պատերազմական գործողություններից հետո «չկռված» պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Խոսքը վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցչներին և մասնավորապես իշխող ուժի առաջնորդի հնչեցրած այն մոտեցմանը, որ արցախցիները «փախել են»: Սա երկու բան կարող է նշանակել, առաջինը՝ կամ Նիկոլ Փաշինյանը ստում է ու հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ էլ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր են այն իրավիճակները, երբ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Կարծում եմ, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում չի կարող ներկայացնել»,- նշել է նա:
Անդրադառնալով որդեկորույս ծնողների ու անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաներին՝ Աբրահամյանը շեշտել է, որ անհետ կորած մեր հայրենակիցների, հարազատների, ընտանիքի անդամների, տարբեր գործիչների և հասարակական կազմակերպությունների խորհրդարանում հանդիպումների գլխավոր պահանջն է 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելը, քանի-որ պատերազմի ավարտից հետո, երբ էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել են զեկույցի միջոցով արձագանքել և հստակորեն նշել պատերազմի պատասխանատուներին ու մեղավորներին ու ռազմական տարբեր դրվագների հետ կապված տալ հստակ գնահատականներ։
«Հիմա ունենք մի իրավիճակ, երբ այդ զեկույցը պատրաստվել է, դրա իրավական վիճակի հետ կապված նույնիսկ իշխանության ներսում է բավականին հակասական և բարդ իրավիճակ ստեղծվել, այս պահին այդ զեկույցը ունի արխիվացվածի կարգավիճակ»,- ասել է նա:



