
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը դեմ է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման մասին օրինագծին, սպառնացել է այն հաստատող կոնգրեսականներին:
«Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ, որը քարոզարշավ է անցկացրել կառավարության ծախսերի կրճատման օգտին, ապա անմիջապես քվեարկել պատմության մեջ ամենամեծ պարտքի աճի օգտին, պետք է ամոթից գլուխը կախի։ Եվ նրանք կպարտվեն իրենց նախնական ընտրություններում (փրայմերիզ) հաջորդ տարի, եթե դա լինի վերջին բանը, որ ես կանեմ այս Երկրի վրա», - գրել է նա իրեն պատկանող X սոցիալական հարթակում։
Այս գրառումից մի քանի ժամ անց Մասկը հայտարարել է, որ եթե «այս խելագար օրինագիծը հաստատվի, ապա հաջորդ օրը կձևավորվի Ամերիկյան կուսակցությունը»։
«Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք Դեմոկրատական-Հանրապետական ունիկուսակցությանը, որպեսզի մարդիկ իսկապես ձայն ունենան», - հավելել է Իլոն Մասկը։
Ըստ CNN-ի՝ Թրամփին և մյուս հանրապետականներին 2024 թվականի ընտրություններում աջակցելու համար Մասկը ծախսել է ավելի քան 275 միլիոն դոլար։
Թրամփը պատասխանել է Մասկին՝ նշելով, որ նա ավելի շատ սուբսիդիաներ է ստանում, քան որևէ այլ մեկը, և առանց դրանց նա ստիպված կլիներ «փակել» իր գործը և վերադառնալ Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Թրամփը նաև նշել է, որ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը նրա պաշտոնակալությունից հետո մի քանի ամսով ղեկավարում էր Մասկը, կստուգի միլիարդատիրոջ գործունեությունը։
«Գուցե արժի, որ DOGE-ը լավ և ուշադիր ուսումնասիրի սա», - գրել է Թրամփն իր Truth Social հարթակում։
Մասկը մի քանի շաբաթ է՝ դեմ է արտահայտվում Թրամփի առաջարկած օրինագծին, ինչը երկուսի միջև լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել։
Ըստ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հարկերի կրճատման և ծախսերի ավելացման մասին օրինագծի պատճառով առաջիկա տասնամյակում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կավելանա գրեթե 3,3 տրիլիոն դոլարով։