Եթե այդպես եք ուզում, այո՝ ՌԴ-ում մեզ աջակցեց...

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ոչ ժողովրդավարական պետություն է: Հարցը Սիմոնյանին ուղղել էին լրագրողները փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Սիմոնյանը հարցն անվանել է ոչ կոռեկտ և հրաժարվել է պատասխանել:

Միևնույն ժամանակ, նա բավականին հոժարակամ կիսվել է Մոսկվա կատարած իր վերջին այցի մասին տպավորություններով՝ հավաստիացնելով, որ հանդիպումների ժամանակ «անուն առ անուն» թվարկել է բոլոր այն հայտնի գործիչներին, ովքեր առնչություն ունեն ռուսական կողմից բխող «հիբրիդային սպառնալիքներին»։ Ճիշտ է, լրագրողների համար նա անուններ չի հնչեցրել, քանի որ զրույցը եղել է առանձնազրույցի ձևաչափով և դրա մանրամասները բացահայտելը, դարձյալ, կոռեկտ չէ։

«Ես ասացի, որ խոսվում է Հայաստանում «հատուկ ռազմական գործողություն» (ՀՌԳ) իրականացնելու մասին։ Ամեն ինչ ուղիղ ասացի։ Պատասխանեցին՝ ինչպես միշտ, թե նման բան չկա, իսկ նման խոսակցություններ հնչեցնում են առանձին մարդիկ։ Հավաստիացրին, որ շահագրգռված չեն…։ Ասացին, թե ինչն է իրենց մտահոգում, նույնիսկ հաջողություն մաղթեցին մեզ ընտրություններում։ Այո՛, աջակցեցին, եթե կուզեք», - հայտնել է Սիմոնյանը՝ միաժամանակ նկատելով, որ պաշտոնական շրջանակների և լրատվամիջոցների, այդ թվում՝ պետականների վերաբերմունքը խիստ տարբերվում է։