Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կ...

Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում:

ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման տևողությունը 4 շաբաթ է:

Ո՞ւմ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման:

Այն անձանց, ովքեր սերտ կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակ ունեցողի` պոտենցիալ վտանգավոր հեղուկների, լորձաթաղանթների, վնասված մաշկի հետ:

Արդյունավե՞տ է

Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ քան 72 ժամը:

Ի՞նչ է ներառում հետկոնտակտային կանխարգելումը.

խորհրդատվություն,

լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ,

կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում:

Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից:

Բոլորը՝ անկախ քաղաքացիությունից։

Ու՞ր դիմել հետկոնտակտային կանխարգելման համար:

Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: