
Եթե հինգ տարի պաշտոնավարումով է պայմանավորված հոգնել-չհոգնելը և հանգստանալու անհրաժեշտությունը, ապա Նիկոլ Փաշինյանը ինքը պաշտոնավարում է յոթ տարուց ավել, և դրանից բացի էլ եղել է նաև ակտիվ ընդդիմադիր պատգամավոր, կարծում եմ հանգստանալու անհրաժեշտությունը առաջին հերթին իրեն է վերաբերվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելու որոշումը հիմնավորել էր նրանով, որ վերջինս արդեն 5 տարի աշխատել է եւ արժանի է հանգստի։
«Վարչապետ և ԱԱԱԾ տնօրեն հարաբերությունները հրապարակային չեն և ես որևէ բան չեմ կարող ասել: Որևէ դժգոհություն գոնե հանրային տիրույթում ԱԱԾ աշխատանքներից չի հնչեցվել և չգիտեմ ինչու հանկարծ որոշվեց, որ Արմեն Աբաջյանը հոգնել է, պետք է գնա։ Ակնհայտ է, որ թե ոստիկանապետի փոփոխությունը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են թե ներքաղաքական, և չեմ բացառում նաև արտաքին քաղաքական հանգամանքներով։
Հիշեցնեմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ ճանապարհը կարող է ամեն վայրկյան փակվել և որպես փրկօղակ, ինքը առաջարկել էր թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել։ Կարգավորել նշանակում է թուրքերի բոլոր պահանջները անմռունչ կատարել։
Եվ վաղը չէ մյուս օրը Անկարա գնալը նաև պետք է դիտարկել այդ համատեքստում և ինքը հասկանում է, որ գնում է Անկարային ոչ թե ինչ-որ բան առաջարկելու, այլ միակ բանը, որ կարող է առաջարկել, անձնատվություն է, կապիտուլյացիան պետական մակարդակով, ոչ թե իր անձի։
Նա հասկանում է, որ դա կարող է երկրի ներսում դժգոհության ալիքը էլ ավելի բարձրացնել, այնպես որ ես չեմ բացառում, որ այս պաշտոնաթողությունները դրանով են պայմանավորված։
Պարզ բանականությունն ասում է, որ նման հանգամանքներում զուտ պատահականություններ և ՀԱԱԾ տնօրենի առողջության վերաբերյալ մտահոգություններով պայմանավորված լինել չեն կարող»,– ընդգծեց նա։