
Էստոնիայի կառավարությունը մարտի 13-ին կայացած նիստում արդարադատության և թվային տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարել է Շվեդիային և Նիդեռլանդներին առաջարկել բանակցություններ սկսել էստոնական բանտերի վարձակալության շուրջ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Էստոնական բանտերը լավ համբավ ունեն ամբողջ աշխարհում և համապատասխանում են բարձր չափանիշներին: Մենք ունենք լավ պատրաստված, բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, աշխատանքային մեթոդներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, և շատ ժամանակակից ենթակառուցվածք», - ասել է արդարադատության և թվային տեխնոլոգիաների նախարար Լիյզա Պակոստան մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ բանտային շինությունների վարձակալությունը հնարավոր է իրավաբանական տեսանկյունից, գործնականում իրագործելի է և տնտեսապես արդարացված։
Շվեդիան և Նիդեռլանդներն արդեն նախնական խորհրդակցություններ են անցկացրել էստոնական կողմի հետ։ Եթե բանակցություններն արդյունավետ լինեն, երկրների միջև կկնքվի միջազգային համաձայնագիր։ Վերջնական որոշումը կկայացնի Էստոնիայի խորհրդարանը։