Էստոնիայի Հարկամաքսային վարչության քննչական բաժինը, ոստիկանության և ռազմածովային ուժերի հետ համատեղ, երկրի ներքին ջրերում կալանել է Բահամյան կղզիների դրոշի ներքո նավարկող Baltic Spirit բեռնատար նավը՝ ռուսական անձնակազմով: Այն կալանվել է Էկվադորից մաքսանենգ ապրանքների փոխադրման կասկածանքով։ Այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR պետական հեռուստառադիոընկերությունը:
«Նայսաար կղզու մերձակայքում կալանվել է Baltic Spirit բեռնատար նավը, որն ուղևորվում էր Ռուսաստան: Կան հիմքեր ենթադրելու, թե նավը կարող էր օգտագործվել մաքսանենգության համար», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ նավն ուղևորվում էր դեպի Սանկտ Պետերբուրգ: Էստոնացի ուժայինների գործողության ժամանակ 23 անդամից բաղկացած անձնակազմը դիմադրություն ցույց չի տվել: Բոլոր անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են:
Հարկամաքսային վարչության քննչական բաժնի աշխատակիցները նախնական ստուգումներ են անցկացնում նավում: Նավն Էստոնիայի ջրեր է մտել բունկերավորման համար: Նախնական մաքսային ստուգման ժամանակ նավը գտնվել է պաշտոնական խարսխային կայանատեղում: Էստոնիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Baltic Spirit-ը չի մտնում Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ և չի գտնվում ԵՄ պատժամիջոցների տակ:



