«Օսկանյանն ինձ հետ հանդիպել է, 44-օրյա պատերազմից հետո ենք հանդիպել»:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե Օսկանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից առաջ ու հետո տարբեր մարդկանց միջոցով փորձել է հանդիպել իր հետ:
Հարցին, թե ո՞րն է այն երրորդ տարբերակը, որով Օսկանյանն առաջարկել է գնալ, Փաշինյանն արձագանքեց. «Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկները ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»:
Վարչապետը նկատեց՝ իր ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին անդրադառնանք:
«Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից: Փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



