Ես սպանել եմ «Նիկոլին»

Նիկոլ Փաշինյանի երեկվա հիստերիկ ելույթը ԱԺ-ում, որն արժանացավ իշխող ուժի հոտնկայս ծափահարություններին, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը սթափ է եղել ելույթն ասելիս թե ոչ, կարելի է որակել որպես այն նշաձողը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքական դաշտում։ Խնդիրն այստեղ այն չէ, թե այդ ելույթում Նիկոլը քանի սուտ ասեց, ովքեր բացահայտեցին ստերն ու «ճպպացրեցին» իրենց ֆեյսբուքյան պատերին, կամ քանի տեղ հակասեց ինքն իրեն եւ որտեղ։

Խնդիրը շատ ավելի խորն է, կարելի է ասել՝ գոյաբանական նշանակություն ունի մեր հասարակության համար։ 

Իրականում հասարակության ամեն մի անդամի, մեզանից ամեն մեկիս մեջ, թե իմ, թե ձեր, կա մի քիչ «Նիկոլ», եվ մեր մեջ եղած «նիկոլիզմը» դրսեւորվումը հանրագումարում բերում է նրան, որ հասարակությունը ստին վատ չի արձագանքում, չի դատափետում ստախոսին, հանրային պարսավանքի սյունին չի գամում, չի խարանում, հատկապես, երբ ականջահաճո է։

Մեր մեջ եղած «նիկոլիզմի» դրսեւորումը հանրագումարում բերում է նրան, որ մասնավոր կամ խմբային շահը գերադասվում է պետության շահից։ Մեր մեջ եղած «նիկոլիզմի» դրսեւորումը հանրագումարում բերում է նրան, որ քաղաքական դաշտում առանձին ուժեր ձեւավորում են իրենց լիդերի անձի պաշտամունք եւ դա դիտվում է լիովին նորմալ, մինչդեռ քաղաքական ուժի գաղափարախոսությունն է հիմքը եւ ոչ թե լիդերի անձի պաշտամունքը։

Իրականում, Նիկոլը դեռ էլի նման ելույթներ է ունենալու։ Ու այդ ելույթները լինելու են անվերջ, այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության մեջ սուտը ապրելու բանաձև է, երբ նշված բացասական երեւույթները հասարակության մեջ դեռ թեւածում են։

Այլ կերպ ասած՝ Նիկոլը հասարակության բացասական հատկանիշների հայելին ու խտապատկերն է, որը սնվում է հենց այդ բացասական հատկանիշներից, եւ որպեսզի նա քաղաքականապես դադարի գոյություն ունենալ, պետք է հասարակությունը ընդհանուր առմամբ, եւ հասարակության ամեն մի անդամն անհատապես «արմատախիլ անի», «սպանի» իր մեջ նստած Նիկոլին։

Երբ հասնի այդ պահը, երբ հասարակությունը գոյաբանորեն ձերբազատված լինի «նիկոլիզմից», ապա անկախ այն հանգամանքից՝ Նիկոլը, որպես անձ, գործիչ, կլինի քաղաքական ասպարեզում, թե ոչ, նա այլեւս գոյություն չի ունենա, ուշադրության չի արժանանա ու ինքնաբերաբար «կվերանա» մեր իրականությունից։

Ու հիմա, երբ ես քաղաքական իմաստով «սպանել եմ» իմ մեջ նստած Նիկոլին, նույնը խորհուրդ եմ տալիս նաեւ ձեզ, հասարակության մյուս անդամներին՝ «սպանեք», «արմատախիլ արեք» ձեր մեջ նստած Նիկոլին։

Վահան Միրոյան, ՀՀ ոչ հպարտ քաղաքացի