Ես կառաջարկեի էդ փողոցն անվանակոչել Նիկոլ Փաշ...

Ուզում եմ ասել, որ մեր մշակույթի հանձնաժողովը բանավոր կերպով, կոնսենսուսային մակարդակով համաձայնության էր եկել, որ պետք է ոչ թե բերել անվանափոխություններ, այլ անվանակոչություններ, որովհետև քաղաքի Կենտրոնում գրեթե բոլորը փողոցները անվանակոչված են: Բոլորս համաձայնության էինք եկել, որ պետք է անվանափոխություն չարվի, դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում: Պետք է տեղի բնակչության համաձայնության վերաբերյալ գոնե շատ փոքր վիճակագրական տվյալներ ներկայացվեին, թե բնակչության որքան մասն է դրան համաձայն կամ ոչ։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու առաջարկին: 

«Հանձնաժողովում հիմնավորվեց, որ Լենինգրադ քաղաքը չկա, փոխվել է, նույնիսկ ռուսները չեն պահպանում իրենց Լենինգրադը, նախ ճիշտ չէ, բայց էական էլ չէ, այստեղ տրամաբանությունն է հետաքրքիր. ուրեմն՝ եթե վաղը Կիև քաղաքը կամ չլինի, կամ ուկրաինացիները անվանափոխություն, մենք պիտի մեր Կիևյան կամուրջը կամ Կիևյան խաչմերուկը ասենք՝ բերեք, փոխե՞նք: Կամ եթե Արցախը չկա, Արցախի Հանրապետությունը վաճառվեց թուրքին, մենք այսօր պիտի ասենք ինչու՞ ենք պահում Արցախի փողոցը: Սա տրամաբանություն չէ և հիմնավորում չէ նման հարցերի համար»,-նշել է նա: 

Սուսաննա Մելիքյանն ասել է, որ  հայկական քաղաքակրթությունն ունի առնվազն 5,000 տարվա պատմություն և գլխավոր առանձնահատկությունը այն է, որ մշակութային բազմաշերտություն ունի, ինչը անհնար կլիներ, եթե ամեն եկող իշխանություն, նախորդ իշխանության ժառանգությունը փորձեր վերացնել։

«Ես կառաջարկեի միանգամից Նիկոլ Փաշինյանի անունով այդ փողոցն անվանակոչել, որովհետև վաղը կարող է ասեք Քըրք Քըրքորյանը փոխկապակցված է նախկինների հետ, ֆինանսավորել է նրանց: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի հիշատակը հավերժացնելու համար, վաղ թե ուշ մի հատ մի փողոց պիտի պահեք, որ իր անունով էլ անվանակոչվի»,-հավելել է նա։