Կառավարության շենքի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպաններին է հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները Սիսեռյանին տեղեկացրել են, որ ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել:
Սիսեռյանը նշել է, որ ինքը պատահաբար չի մոտեցել բնապահպաններին, քանի որ քիչ առաջ կարդացել է, որ իր հոր անվան հետ կապված հայտարարություն են արել: Պաշտոնյան նշել է, որ իրեն մի քանի ամիս առաջ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իր և իր հոր անվան հետ կապված։
«Տիգրան Ավինյանին փոխանցել եմ, որ նման թեմա է շրջանառվում, նա էլ փոխանցել է համապատասխան մարմիններին: Ես նաև այն ժամանակ պատրաստվում էի այս թեմայի մասին պարզաբանում տալ: Ես պահելու բան չունեմ, եթե պահելու բան ունենայի, ապա չէի գա ու չէի կանգնի այստեղ: Իմ հայրը ընդհանրապես կապ չունի»,- ասել է Սիսեռյանը և հավելել, որ եթե ինչ-որ մեկը ունի հստակ փաստեր, թող ներկայացնի:
Ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ Բաբկեն Հարությունյան անունով անձը «Բնապահպանական ճակատ»-ի հետ որևէ կապ չունի։
Նշենք, որ Վարագ Սիսեռյանի հայրը Լիբանանի վարչապետի խորհրդականն է, և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողներից ոմանք նշում էին, որ Սիսեռյանի հայրը կապ ունի լիբանանյան ԷԼԼԱՐԴ ընկերության հետ:
«Ես հերքում եմ իմ կապը այդ ամենի հետ: Ես մրցույթի հետ նույնիսկ կապ չունեմ»,- ասել է Սիսեռյանը:
Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ բնապահպան Բաբկեն Հարությունյանը հայտարարեց, որ փորձաքննություն իրականացրած ընկերությունը շաղկապված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ. «Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի՝ Վարագ Սիսեռյանի հայրը զբաղեցնում է Լիբանանի վարչապետի օգնականի պաշտոնը և այստեղ ուղղակի ու հիմնավոր կապ կա փորձաքննության թույլտվության և Տիգրան Ավինյանի միջև: Տիգրան Ավինյանն է կանգնած այս փորձաքննության հետևում: Կարող եմ պատասխանատու հայտարարել, որ 400 հազար դոլար մսխվել է»:



