Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը և դրա իրականացումը համարում է սխալ։ Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը և դրա հետևանքով հայ-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրների մասին հարցին՝ վարչապետն ասել է․
«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում , երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։