Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերին...

Սկզբում ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք դրա համար Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո արդեն ասում էիք, որ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

«Հիմա մի հատ կողմնորոշվեք, գերիների՝ դրսում կանգնած ծնողները սպասում են Ձեր պատասխանին։ Ի վերջո, ինչպիսին է Ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակված է արդյոք այդ հարցը Ձեզ համար»,-ասաց նա

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Եվ դեռ քարոզչության ընթացքում միջնորդել եմ, որ էդ քաղաքական ուժերը որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն: Հիմա էլ եմ առաջարկում: Այն ժամանակ մենք պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակով արել ենք այդ առաջարկը, որը արձագանք չի գտել»:

Նրա խոսքով՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի և իր ասածում ոչ մի զարմանալի բան չկա. «Ի՞նչն է էդտեղ զարմանալի։ Ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որովհետև կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն։ Բայց եթե ձեզ էդպիսի իրավիճակներն այդպիսի տոնայնությամբ հետաքրքիր է նրա համար, որ այստեղ-այնտեղ ասեք՝ վայ, վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, որ չկրակեն, վերեւից հրաման են տվել, որ գերի հանձնվեն, վրեւից հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն: Եթե եղել է էդպիսի հրաման, ապա այդպիսի հրաման տվողները կդատվեն, բայց դա իրականության հետ կապ չունի: Այո, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու, իհարկե, արվելու է։ Արվել է, արվում է և արվելու է, իմ ասածների մեջ ինչն է տարօրինակ»,-ասաց Փաշինյանը:

Էլինար Վարդանյանն արձագանքեց, թե գիտի, որ զինվորականներն ունեն պարտականություններ, ապա հարցրեց. «Դո՛ւք Ձեր պարտականությունները գիտե՞ք։ Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ, հետո քրեական գործեր հարուցելու սպառնալիքով եք խոսում գերիների հետ։ Բա նոյեմբերի 9-ից հետո Դո՞ւք որտեղ էիք, կողմնորոշվե՞լ էիք։ Թեև կարող եք չպատասխանել, շատ լավ գիտենք՝ որտեղ էիք»։

«Ես նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ իմ պաշտոնավարման դիրքերում եմ եղել։ Ես ոչ մի վայրկյան դրանից չեմ կտրվել։ Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք, թե էդ որտեղ էիք։ Հայաստանի Հանրապետությունում էի։ Իսկ ես ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի՝ էդ իմ որոշումն է, էդ դուք չեք որոշում, թե ես ում հետ հանդիպեմ, ում հետ՝ չհանդիպեմ: Իմ պարտականությունները շատ լավ գիտեմ, ձեր պարտականություններն էլ շատ լավ գիտեմ: Ձեր թելած թելն էլ շատ լավ գիտեմ, ձեզ էլ շատ լավ գիտեմ, շրջապատում գտնվողներին էլ շատ լավ գիտեմ: Ավելին, քան դուք պատկերացնում եք», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։