Ցանկացած իրավիճակ հնարավոր է, բայց մեր դրած մեխանիզմները հնարավորինս միտված են դրանք բացառելուն, ինչու, որովհետև երբ որ նույնիսկ դու գրանցվում ես որպես թեկնածու, դու պետք է ստանաս կուսակցականների քվեն, այսինքն քո տեղը ցուցակում, հատկապես այդ առաջին 30-ում, որը այսպես ասած երկաթյա անցողիկ է ամեն պարագայում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 2026–ի ընտրություններին ՔՊ–ի նախընտրական ցուցակը կազմելու մեխանիզմներին։
«Ես ինքս կողմնակից եմ, որ իհարկե ամբողջ ցուցակը կազմվի համաժողովի կողմից, բայց մենք կունենանք որոշում, որը կհրապարակենք։ Մենք նաև այդ առումով շատ ներառական քննարկումներ ենք ունենում, կուսակցականները կորոշեն՝ այդ քաղաքացին՝ կուսակցական կամ անկուսակցական, ինչքանով է վստահելի և իր տեղը կորոշեն այդ ցուցակում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ դա ընդամենը շղարժշ է, իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ են առնվազն առաջին 30 անձիք լինելու ցուցակում, ՔՊ–ական նախարարն ասաց. «Ես կարծում եմ, դուք վաղուց պետք է ունենայիք այդ հարցի պատասխանը, այդ թվում մեր վերջին երկու համաժողովներին հետևելով։ Մեր կուսակցությունը ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն է, և մեր պատվիրակներն են որոշում, ովքեր են մեր կուսակցության կառավարող մարմնի անդամները։
Օրինակ, ես ընտրվել եմ վարչության անդամ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մեկի ցանկությամբ, միգուցե նա էլ է ինձ քվեարկել, չգիտեմ, գաղտնի քվեարկություն է եղել, բայց իմ օգտին քվեարկել են համապատասխան թվով մեր պատվիրակները»։
Հարցին՝ մեծամասնություն ստանալու դեպքում վարչապետի թեկնածուն կրկին լինելու է Նիկոլ Փաշինյա՞նը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ, դա էլ է որոշվելու համաժողովով և առաջին համարը ցուցակի օրենքով է նաև վարչապետի թեկնածուն։ Այն դեպքում, երբ որ որևէ կուսակցություն հավաքում է միանգամից 50 պլյուս ձայններ, ինչպես մենք հավաքեցինք 21 թվականին, առաջին համարը ավտոմատ դառնում է վարչապետ»։



