Ես էլ չէի սպասում, որ ինձ այդպես ջերմ կընդուն...

Երեկ եմ ստացել այդ լուրը, ինչը շատ պարտավորեցնող է։ Այս մասին ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն՝ անդրադառնալով Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարության այն որոշմանը, որ ինքը կշարունակի նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր։

Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել նրա հետ կնքված պայմանագրի կատարումը։ Սմբատյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր տեղեկացրել է, որ պաշտոնական ծանուցում են ստացել այն մասին, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի ու նա կշարունակի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր։

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը պետական է, ունի մեծ կազմ և տնօրենների խորհուրդը միակարծիք է՝ շարունակել իր հետ համագործակցությունը, ինչը որպես երաժիշտ իր համար ոգևորիչ է։ «Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունենք մեծ ձեռքբերումներ և դրանք շարունակական են լինելու։  Ուրախ եմ, որ նման որոշում կայացրեցին»,- նշեց դիրիժորը։

Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված քրեական գործին, Սերգեյ Սմբատյանն ասաց․ «Ինչ-որ կետեր կան կյանքում, որոնք փաստ են, բայց ոչ մի բանի չեն խանգարում։ Եթե կա այն նպատակը, որը հեռու է, բայց դու դա տեսնում ես, ապա կենցաղային խնդիրները չեն խանգարում հասնել այն գաղափարին, որին հավատում ես։ Իհարկե, կարևոր է, որ վերականգնվեցի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում, դեռ շատ պլաններ ունեմ այդ նվագախմբի հետ»։

Հարցին, թե երբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվեց, եւ նա ազատ արձակվեց, վերադառնալով բեմ՝ հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին, արդյոք սպասում էր, որ իրեն նման կերպ կդիմավորեն, դիրիժորն արձագանքեց․ «Ես էլ չէի սպասում, որ այդպես ջերմ կընդունեն, ուրախ եմ դրա համար, դա նաև պարտավորեցնող է։ Եթե մարդիկ գալիս են մեր համերգներին, ինձ գիտեն որպես երաժիշտ և իրենք ցույց են տալիս, որ ինձ սատարում են, համակրում են, դա իսկապես հաճելի է և ավելի է պարտավորեցնում»։ 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե տնային կալանքի ժամանակ ինչով էր զբաղվում, Սերգեյ Սմբատյանն նշեց նշեց․ «Հանգստանում էի։ Փորձում էի ոչ մի բանի մասին չմտածել, իհարկե կարդում էի, նաև նոր սիմֆոնիաներ եմ սովորել, ես պատրաստ եմ նոր համերգաշրջանի»։