Ես չեմ կիսում եղբորս տեսակետը. նա աթեիստ է. Պ...

Ինքը անհավատ մարդ է՝ աթեիստ է, իսկ ես հավատացյալ եմ: Իմ 40 տարեկան եղբայրը ինձանից թույլտվություն չպետք է հարցնի իր մտքերն արտահայտելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

«Քանի-որ ես օգտատեր չեմ, չգիտեմ, թե եղբայրս ինչ է գրում, ձեր քույրը կամ եղբայրը համացանցում որևէ բան գրելուց առաջ ձեզ հարցնու՞մ են: Ճիշտ է, ես հանրային մարդ եմ, բայց մենք ազատ երկրում ենք ապրում»:

Հարցին, թե կիսում է արդյոք Պողոսյանը իր եղբոր կարծիքը՝ վերջինս պատասխանեց, որ ինքը շատ մարդկանց հետ կարող է անհամաձայն լինել՝ եթե նրանք քաղաքական գործիչներ կլինեն, կարող է հակադարձել ու վիճաբանել, իսկ եթե վերաբերում է եղբորը՝ ոչ:

«Եթե դա վերաբերում է եղբորս՝ նա ազատ մարդ է, ոչ կուսակցական է, ոչ որևէ դիրք ունի, ոչ ազդեցություն քաղաքականության մեջ, կարծիք է ունեցել՝ արտահայտել է:

Ես իմ եղբորը սատարում եմ ամեն ինչում, բայց ոչ իր կարծիքները արտահայտելուն՝ որովհետև մենք շատ տարբեր մարդիկ ենք, ինքը ուրիշ աշխարհայացք ու մտածելաերպ ունի, ես ուրիշ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ երեկ հանդես էր եկել հրապարակմամբ, որում ասվում էր, որ պետք է հիվանդանոցներից ու բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները:

Նա գրել էր. «Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցիչ: Այս երևույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը և մասնագիտական կարողությունները: Դա նույնն է, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն»: