Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հաճախ է հեռախոսազրույց ունենում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված իրենց հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես բավականին հաճախ եմ խոսում Ուիթքոֆի հետ, բայց զրույցների էությունը չեմ մեկնաբանում, քանի որ դրանք գաղտնի բնույթ են կրում։ Իրականում ոչ ոք չպետք է մեկնաբանի», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին։
ՌԴ նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր հեռախոսազրույցները ռուսական կողմից չէ, որ գաղտնալսվել են և լրատվամիջոցներում հրապարակվել:
«Չգիտեմ։ Ինչ-որ մեկը տարածում է, ինչ-որ մեկը գաղտնալսում է, բայց ոչ մենք», - ասել է նա Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղից են հայտնվել այդ զրույցների ձայնագրությունները։
Bloomberg-ն ավելի վաղ հրապարակել էր Ուշակովի զրույցների սղագրությունը Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։



