ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անուղղակիորեն ներգրավված կլինի Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում, որոնք փետրվարի 17-ին ավելի ուշ անցկացվելու են Ժնևում։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Ես անուղղակիորեն ներգրավված կլինեմ այդ բանակցություններում, և դրանք շատ կարևոր են լինելու։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Իրանի հետ, որպես կանոն, շատ դժվար է բանակցել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նշել է, որ եթե Իրանը լավ բանակցող լիներ, ապա ԱՄՆ-ն հունիսին ստիպված չէր լինի B2 ռմբակոծիչներով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։
«Հուսով եմ՝ այս անգամ նրանք ավելի խելամիտ կգտնվեն», - ասել է նա։
Թրամփը հավելել է, որ իր կարծիքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել միջուկային ծրագրի շուրջ։
«Չեմ կարծում, թե նրանք ցանկանում են բախվել համաձայնության չհասնելու հետևանքներին», - հավելել է նա։
Փետրվարի 16-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ կարծում է, որ միջուկային հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը դարձել է «ավելի իրատեսական»։
Փետրվարի 6-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։ Ինչպես առաջիկա բանակցությունների դեպքում, Իրանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։



