Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան...

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում:

Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:

Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Խորենացու – Բեյրութի – Արգիշտիի փողոցներ – «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու փողոցներ – Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ:

Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի BUS գրությամբ լուսացույց:

Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվեն այլ մեքենաների մուտքը և կանգառը:

Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:

Միաժամանակ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:
Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը, և կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր:

Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Երթուղու փոփոխությունը կանդրադառնա համար 1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա: