Երկրի ներսում պարզեցվել և հեշտացվել է արտահան...

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, հօգուտ տնտեսվարողի՝ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել. երկրի ներսում պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները հունիսի 1-ից ապրանքների արտահանման գործընթացն այլևս կազմակերպում են 24/7 ռեժիմով։ Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում առայժմ իրականացվում է միայն «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» և «Վալենիսա» ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում՝ Վանաձորում գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցման կետի մոտակայաքում գտնվող Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ժամանակավոր պահպանման պահեստում։

Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը՝ երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում։ Կոմիտեն ԱՏԳ մասնակիցներին հորդորում է արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում` սահմանային անցման կետերում Հայաստանից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու  և հերթերից խուսափելու համար։