Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ «Ֆեյսբուք»-ի իր էջում պատգամավորը գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։
Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։
ՀՀ պարեկային ծառայությունն այս դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։
Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ խնդիրն իրենց հայտնի է։
«Այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում»,-ասաց Նարեկ Սարգսյանը։