Էրիկ Ալեքսանյանն ու Արուսյակ Ալեքսանյանը մեղա...

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Դատարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ 

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։