
Հանրային տրանսպորտում տղամարդ ուղևորի կողմից կին ուղևորների նկատմամբ ենթադրյալ անպարկեշտ գործողություններ կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ տարածված տեսանյութի վերաբերյալ ավտոբուսի վարորդը ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել։
«Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղությամբ»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացրել էր, որ երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։
«Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»,- գրել էր նա: