Երևանը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ի զորավ...

«ՀՀ  ՊՆ-ն ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ Երևանը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանում»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Զորավարժությունները Հայաստանում այս տարի չեն կայանա», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ  դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը:

«Պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալում ենք այդպես: 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը  Ռուսաստանի հետ եղել է այն, որ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, իմ կարծիքով՝ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ ու մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են  անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար», - ասաց նա:


Փաշինյանը նշեց, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի  հիմնական  խնդիրն այն է եղել, որ գործնական խնդիր կա՝ ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ  պատասխանատվության գոտին Հայաստանում:
Ըստ նրա ՝  Ռուսաստանի Դաշնության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական  ներկայությունը ոչ միայն  չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար: