
ՀՀ ԱԳՆ-ն արդեն մոտ 1,5 ամիս չի կարողանում պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանն այն մասին, թե արդյոք Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից պարզաբանում խնդրել են երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ։
2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանը երկու անգամ օկուպանտ էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։ Այդ հայտարարություններին Երևանի պաշտոնական (առնվազն հրապարակային) արձագանք չէր հետևել։
Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` արդյոք Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ճշտել են, թե Կալինյակի (որը Ֆիցոյի կուսակիցն է) հայտարարությունը նրա անձնական կարծի՞քն է, թե՞ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը:
Բացի այդ, հարցրել էինք նաև, թե այցի ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Սլովակիայի (ու Չեխիայի) կողմից Ադրբեջանին զենքի (մասնավորապես՝ DITA հաուբիցների) վաճառքի հարցը։
Չեխ-սլովակյան տեխնիկայի առաջին մատակարարումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։
Սակայն բաց աղբյուրներում հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին մատակարարումները շարունակվում են։
Նշենք, որ Չեխիան և Սլովակիան Ադրբեջանին զենք էին մատակարարում նաև 2020 թվականի պատերազմից առաջ՝ չնայած պաշտոնական հերքմանը։ Այն ժամանակ DANA ինքնագնացները Բաքվին մատակարարվում էին Իսրայելի տարածքով։
Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում էր մայիսի վերջին։ Նա մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովին։ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ֆիցոն առաջարկել է համագործակցություն հաստատել, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։