Երևանում տեղի ունեցավ երրորդ ամենամյա համայնք...

Երևանում տեղի ունեցավ երրորդ ամենամյա համայնքային ֆորումը՝ «Միաձայն խոսելով ապակենտրոնացման բարեփոխումների շուրջ» թեմայով:  

Համայնքային ֆորումն այս տարի կազմակերպել են Հայաստանի համայնքների միությունը և SALARInternational շվեդական ասոցիացիայի «Աջակցություն ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ԴեաԼոԳ ծրագիրը:  

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը կարևորեց ֆորումի թեման՝ համոզմունք հայտնելով, որ ապակենտրոնացումը չի կարող սահմանափակվել միայն իրավական կամ վարչական փոփոխություններով։

«Այն պետք է վերածվի իրական քաղաքականության, որի արդյունքը քաղաքացին տեսնում է իր համայնքում՝ ավելի որակյալ ծառայությունների, ավելի արդյունավետ կառավարման, ավելի պատասխանատու իշխանության տեսքով։ Դրա համար անհրաժեշտ է մեկ կարևոր պայման՝ համայնքների լիազորությունները պետք է ուղեկցվեն իրական ռեսուրսներով և ինստիտուցիոնալ կարողություններով։ Երբ լիազորությունները չեն ուղեկցվում ֆինանսական հնարավորություններով՝ սկսած աշխատավարձային ընդհանուր տրամաբանությունից, ավարտած ծրագրային ֆինանսավորմամբ, այդտեղ սկսվում են մեր հիմնական խնդիրները։ Այստեղ է, որ համայնքների միասնական ձայնը պետք է ձեռք բերի իրական քաղաքական նշանակություն»,-նշեց Ավինյանը։

Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Էվա Սունդքուիսթի խոսքով՝ ապակենտրոնացումը և ՏԻՄ-երի ուժեղացումը հիմնարար գործոններ են ուժեղ տեղական ժողովրդավարություն կառուցելու համար, ինչը հիմք է երկրի ժողովրդավարական ու կայուն զարգացման համար։

«Ուժեղ, թափանցիկ համայնքներն ուղղակիորեն նպաստում են երկրի դիմակայունությանը, երկրներին հնարավորություն են ընձեռում կառավարել ճգնաժամերն արդյունավետորեն, հարմարվել փոփոխություններին և պահպանել հանրության վստահությունը»,-ասաց Շվեդիայի դեսպանը՝ կարևորելով ապակենտրոնացման  դերը նաև տեղական տնտեսական զարգացման գործում, քանի որ ուժեղ համայնքներն ավել մեծ հնարավորություն ունեն խթանելու տնտեսական աճը, ձեռնարկատիրությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի դիտարկմամբ՝ ֆորումը ևս մեկ անգամ հաստատում է, որ ապակենտրոնացումը ոչ միայն պետական քաղաքականության կարևոր ուղղություն է, այլ նաև գործընկերության վրա հիմնված գործընթաց՝ Կառավարության, համայնքների և գործընկերների միջև։

«Որքան ուժեղ և կարողունակ են համայնքները, այնքան ուժեղ է պետությունը։ Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ձևավորել այնպիսի կառավարման համակարգ, որտեղ համայնքները կունենան ոչ միայն ավելի լայն լիազորություններ, այլ նաև դրանց արդյունավետ իրացման համար համապատասխան գործիքներ»,-հավելեց փոխնախարարը։

SALARInternational-ի գործադիր տնօրեն Ռայան Նոքը գոհունակություն հայտնեց և կարևորեց, որ միջոցառմանը միացել է նաև Հայաստանի համայնքների միությունը։

«Ես արդեն երրորդ անգամ եմ Երևանում և ամեն տարի փոփոխություններ եմ նկատում, ինչը դրական տպավորություն է թողնում։ Ես շատ ոգևորված եմ, որ մեզ միանում է Հայաստանի համայնքների միությունը։ Սա Հայաստանի համար շատ կարևոր ծրագիր է։ Իրապես հավատացած ենք, որ ժողովրդավարական մշակույթը պաշտպանելու համար կարևոր է, որպեսզի ՏԻՄ-երը չլինեն միայն կենտրոնական կառավարության թևեր, այլ լինեն ինքնուրույն ժողովրդավարական դերակատարներ, որոնք գիտեն, թե ինչպես է պետք արձագանքել իրենց համայնքների կարիքներին»,-նկատեց Ռայան Նոքը։

Բացման արարողությանը հաջորդեցին պանելային քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ կատարվեց  ֆիսկալ ապակենտրոնացմանն ու առկա խնդիրներին, Հայաստանի վարչատարածքային բարեփոխումներին ու  այդ առումով ռազմավարական հաղորդակցությանը։

Ֆորումին մասնակցեցին Հայաստանի 70 համայնքների, ՀՀ ԿԳՄՍ, Ֆինանսների նախարարությունների, փոխվարչապետի գրասենյակի, Ազգային ժողովի, ինչպես նաև Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի ներկայացուցիչներ, Հարավարևելյան Եվրոպայի երկրների տեղական ինքնակառավարման միավորումների ասոցիացիաների ցանցը (NALAS), բարեփոխումներում ներգրավված այլ շահագրգիռ կողմեր: