Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին և բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 
 
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բռնկվել: 
 
Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Մինչ հրշեջերի ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները: