Երևանում կտեղադրվի «Կնոջ ֆիգուր» քանդակը

Երևանի Հ. Թումանյանի անվան այգում քանդակագործ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակի հարևանությամբ կտեղադրվի «Կնոջ ֆիգուր» քանդակ և կստեղծվի քանդակախումբ։

Հարցը ներառված էր Երևանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023թ. Հ.Թումանյանի անվան այգում տեղադրվել է Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակը, որի հարևանությամբ 2025թ. նախատեսվում է տեղադրել քանդակագործի «Կնոջ ֆիգուր» քանդակը:

Հակոբ Հակոբյանն իր կյանքի վերջին տարիներին հրապուրվել է մանրաքանդակների ստեղծմամբ, որոնք պարզ աշխատանքային գործիքներից՝ աքցաններից ու հարթաշուրթերից պատրաստված քանդակներ են, որոնք ըստ արվեստագետի բնորոշման ունեն բնավորություն, յուրահատուկ կեցվածք և հիշեցնում են մարդկային տարբեր հոգեվիճակներ և ապրումներ: «Հակոբ Հակոբյանի հեղինակած «Կնոջ ֆիգուր» քանդակի տեղադրման համար Երևան համայնքի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում, ֆինանսական ծախսերը հոգալու է ՀՀ նախագահի աշխատակազմը»:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թ. մայիսի 16-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1962թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան, 1963թ. անդամակցել է Հայաստանի նկարիչների միությանը, 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1977թ.՝ ժողովրդական նկարիչ, 1997թ. արժանացել է «Մեսրոպ Մաշտոց շքանշանի»: