Տնտեսական, ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցության ամրապնդման նոր ուղիներ՝ Հայաստանի և Եվրոպայի միջև: Հունիսի 9-ին Երևանում կկայանա Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը: Այդ նպատակով Հայաստան ժամանեց բարձր մակարդակի գործարար պատվիրակություն, որը ներկայացնում է ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն կապիտալ ունեցող բիզնես հարթակ։
«Մեր այցի նպատակը ՀՀ-ում մեծ ներդրումներն են, նաև այն, որ ապահովենք Եվրոպա-Հայաստան անմիջական կապը, որը կլինի թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային տարբերակով, քանի որ մեր երկիրն այս պահին ունի մեծ խնդիրներ՝ կապված արտահանման հետ: Մենք փնտրում ենք այլընտրանքներ, որ կարողանանք մեր ապրանքներն արտահանենք Եվրոպա»,-ասում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամ, Hayway Group LLC-ի ներկայացուցիչ, Employers of Poland-ի անդամ Արթուր Լևանդովսկին։
Համաժողովի կազմակերպիչներն են Hayway Group-ը, Pracodawcy RP (Employers of Poland)-ը և «Մանթաշյանց» գործարարների ակումբը:
Ընդհանուր համագործակցությունը մեկ հարկի տակ կհամախմբի լոգիստիկայի, արհեստական բանականության, վերականգնվող էներգետիկայի, անշարժ գույքի, առողջապահության, ավտոմոբիլային արդյունաբերության, ֆինանսների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման և միջազգային առևտրի ոլորտների առաջատար ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ։
«Մենք լավ ենք հասկանում այն մարտահրավերները, որոնց Հայաստանն առերեսվում է, քանի որ Լեհաստանն էլ անցել է նման ճանապարհով և կարողացել է հաջողությամբ մուտք գործել զարգացման նոր փուլ։ Այսօր այդ հաջողության արդյունքն այն է, որ Լեհաստանն աշխարհի 20 խոշորագույն տնտեսություններից մեկն ունի։ Կարծում եմ՝ Հայաստանը նույնպես մեծ հնարավորություն ունի իր արժանի տեղը զբաղեցնելու եվրոպական տնտեսական համակարգում: Հույս ունենք՝ այս այցը նոր հնարավորություններ կստեղծի այստեղ ներկա բոլորի համար և կբացի համագործակցության զարգացման նոր ուղիներ»,-նշում է Antal, Personnel Services, RentPlanet ընկերությունների ներկայացուցիչ Տոմաշ Միսյակը։
«Սա իմ երկրորդ այցն է Հայաստան։ Մենք այստեղ ենք շուրջ 40 գործարարից բաղկացած պատվիրակության հետ, որովհետև տեսնում ենք լեհական և հայկական բիզնեսների համագործակցության զգալի ներուժ։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր գլխավոր գործընկերներին և հույս հայտնել, որ Լեհաստանը կամուրջ կդառնա Հայաստանի համար՝ Եվրոպայի և այլ երկրների հետ արդյունավետ գործարար կապեր զարգացնելու ճանապարհին»,-հավելում է DZP ընկերության ներկայացուցիչ Մարեկ Շյոնտկովսկին։
Մասնակիցների թվում կան գործարարներ և ընկերությունների ղեկավարներ, որոնք համագործակցում են այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են Amazon-ը, BMW-ն, Ferrari-ն, Tesla-ն, Microsoft-ը և այլ խոշոր ընկերություններ:
«Շատ տպավորված եմ Հայաստանի ընդունելությունից: Ես այս երկիրը դիտարկում եմ տեխնոլոգիական հանգույց, որտեղ կան շատ պրոֆեսիոնալ ծրագրավորողներ, շատ ուրախ կլինեմ ՀՀ-ից գտնել գործընկերներ, որոնք կարող են Եվրոպական ընկերության համար աշխատանքներ վարել»,-մանրամասնում է Iteo ընկերության ներկայացուցիչ Եժի Կուֆելը:
Համաժողովի օրակարգում ընդգրկված է նաև «Նաիրիտ» արդյունաբերական գոտու վերակառուցման, արդիականացման և զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում: Համաժողովի ընթացքում նախատեսված են ոլորտային քննարկումներ, ներդրումային և գործարար հնարավորությունների ներկայացումներ, ինչպես նաև B2B հանդիպումներ՝ նոր համագործակցությունների և համատեղ նախագծերի ձևավորման նպատակով:



