Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածա...

Լեհական «Լեգիա» ֆուտբոլային ակումբի 17 երկրպագու է ձերբակալվել Երևանի կենտրոնում հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ 

Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ լեհ երկրպագուները Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի տարածքում, խուլիգանական վարք են դրսևորել, որի վերաբերյալ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանությունում։ 

«Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ-ի տրամադրած պարզաբանման մեջ։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա»-ի խաղը։ Երևանի «Նոա»-ն այդ խաղում հաղթանակի հասավ 2-1 հաշվով՝ ապահովելով իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։