
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Վստահ ենք, որ ավտոմեքենան, որը պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը միտումնավոր են հրկիզել։ Կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։ Մինչև հրշեջները կգային Գևորգն իր հարևանների հետ կանխեց կրակի տարածումը։ Մենք վստահ ենք, որ սա կապված է Գևորգի կողմից Երևանի քաղաքապետարանին միշտ հիմնավոր և տեղին քննադատելու հետ, բայց իրանք պետք է իմանան, որ նման ահաբեկումով Գևորգի նման հայրենասեր ու թասիբով տղերքին չեն կարող լռեցնել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։