Երեւանում ձերբակալված ռուսաստանցի ակտիվիստը լ...

Փետրվարին Երեւանում ձերբակալված ռուսաստանցի հակապատերազմական ակտիվիստ Նիկիտա Կամենսկին լքել է Հայաստանը եւ գտնվում է անվտանգության մեջ: Այս մասին նա ինքն է հայտնել SOTA եւ «ОВД-Инфо» պարբերականներին։ Նշվում է, որ մինչեւ ապրիլի 17-ը Ռուսաստանի կողմից հետախուզվող Կամենսկին Երեւանում գտնվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ ՌԴ գլխավոր դատախազությունը փորձել է հասնել նրան արտահանձնմանը: Կամենսկին նշել է, որ իրեն օգնել է մեկնել Free Russia Foundation-ի տարածաշրջանային տնօրեն Եգոր Կուրոպտեւը։   

Ընդ որում, նա չի հայտնել, թե որտեղ է գտնվում։ Ռուսաստանում Կամենսկին անցնում է Մոսկվայի «Տիմիրյազեւսկայա» մետրոյի մոտ ֆլոմաստերով արված հակապատերազմական գրությունների գործով: Այն հարուցվել էր «վանդալիզմի» հոդվածով 2022 թվականի հուլիսին։ Դրանից հետո ակտիվիստը հեռացել Է ՌԴ-ից, իսկ դեկտեմբերին հետախուզում է հայտարարվել։ Նա ձերբակալվել է Երեւանի օդանավակայանում փետրվարի 28-ին։ Ինչպես նշում է «ОВД-Инфо»-ն, Ուկրաինայի հետ պատերազմի դեմ բողոքի պատճառով Ռուսաստանի իշխանությունների կողմից հարուցված քրեական գործերի ֆիգուրանտ հանդիսացող անձանց թիվն ավելի քան 500 է։