
Երևանում օրեր առաջ գումարային հարցերի շուրջ վիճաբանելուց հետո առևանգել են տղամարդուն, այնուհետև նրա կնոջից պահանջել գումար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ներկայացնելով դեպքի վերաբերյալ մանրամասներ:
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հունիսի 28-ին 46-ամյա մի կին տվել է հաղորդում, որ նախորդ օրը ուշ երեկոյան մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ։
Ավելին՝ նրանցից մեկն առավոտյան զանգահարել է կնոջն ու պահանջել գումար»,- մասնավորապես նշված է Եստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Մայրաքաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգողներից երկուսի ինքնությունը` Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 36 և 34 տարեկան եղբայրներ:
Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին ժամը 14-ին Կամարիս գյուղում եղբայրները ձերբակալվել են և ներկայացվել քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ առևանգման մասնակից մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։