Երևանում անցկացվելիք COP17-ի կազմակերպման համ...

Շրջակա միջավայրի նախարարությանը հաջորդ տարվա պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ դրամ՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար: 

Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«ՇՄՆ կողմից իրականացվող 6 բյուջետային ծրագրերի շրջանակում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը նախատեսվում է շուրջ 15.4 մլրդ դրամ, որը 813 մլն դրամով ավելի է 2025թ հաստատված 14.5 մլրդ դրամ բյուջեից»,-ասաց նախարարը: 

2026թ նախատեսված գումարից մոտ 2.4 մլրդ դրամը միջազգային դրամաշնորհներն են, իսկ շուրջ 13 մլրդ դրամը պետական բյուջեի հատկացումները:

Անդրադառնալով 2026-ի հոկտեմբերի 18-30 Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ նախարարն ասաց, որ այս կարևորագույն համաժողովի կազմակերպման համար 2026-2028թթ պետական բյուջեի նախնական չափաքանակների շրջանակներում նախատեսվել են ֆինանսական միջոցներ:  «Դրանից Շրջակա միջավայրի նախարարությանը 2026թ պետական բյուջեի նախագծով կհատկացվի 1 մլրդ դրամ, իսկ մնացած գումարի տրամադրումը կիրականացվի կառավարության պահուստային ֆոնդից՝ միջոցառումների իրականացման ընթացքին ու առաջնահերթություններին համապատասխան»,-ասաց Մաթևոսյանը: 

COP17-ի հյուրընկալմամբ երկիրը պարտավորվում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը: Նախարարի խոսքով՝ համաժողովին ընդառաջ արդեն իսկ իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Այս տարի կառավարության որոշմամբ՝ 2025թ պետբյուջեի վերաբաշխման արդյունքում արդեն իսկ 5 մլրդ 775 մլն դրամ գումար է ուղղվել «Մերիդիան էքսպո կենտրոնում» տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների համար: