Երևանում անչափահասների մասնակցությամբ միջադեպ...

Նախօրեին՝ հունվարի 14–ին, Երևանում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,  որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։

ՔԿ–ից հայտնում են, որ 5 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնի էր, որ հունվարի 14-ին, ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել եմ «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աբովյան փողոցում գտնվող՝ մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված, որն ըստ օպերատիվ տեղեկությունների կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված՝ «Երևան» անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Նաև հայտնաբերվել է ատրճանակի «դետալ»։