Երևանն ու Նեապոլը ստորագրել են բարեկամության...

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Իտալիայի Նեապոլ քաղաքը ստորագրել են բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Երևանն ու Նեապոլը ստորագրեցին բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր: Նեապոլը մի քաղաք է, որը մեզ՝ հայերիս, շատ ավելի մոտ է, քան թվում է: Քաղաքի պատմական կենտրոնում կա մի փողոց՝ Սան Գրիգորիո Արմենո անունով՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում մասունքները պահվում են նույնանուն եկեղեցում: Դա մեր ժողովուրդների միջև կապի գեղեցիկ խորհրդանիշ է, որն ունի դարերի պատմություն: 2023թ., երբ Նեապոլի գործընկերոջս՝ քաղաքապետ Ջայտանո Մանֆրեդիի հետ խոսում էինք մեր քաղաքների միջև ուղիղ չվերթ ունենալու մասին, այդ գաղափարը մենք քննարկեցինք նաև այստեղ՝ Երևանում, և այսօր կարող եմ ուրախությամբ ասել, որ այն դարձել է իրականություն: Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը՝ մեր քաղաքները դարձնելով իրար էլ ավելի մոտ: Ստորագրված փաստաթղթով մենք նոր նախաձեռնություններ կունենանք Նեապոլի մեր գործընկերների հետ»,- գրել է Ավինյանը: