Երևանն ու Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ....

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում: 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբարություններ, իսկ այսօր ստորագրված համաձայնագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,- նշել է Լևոն Հովհաննիսյանն ու գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան: 

Ցինդաոյի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքը կառավարման իր փորձն ու հնարավորությունները պատրաստ է կիսել գործընկեր Երևանի հետ: Չժաո Խաոչժին նաև ընդգծել է, որ համատեղելով ջանքերը՝ քաղաքները կկարողանան կյանքի կոչել համաձայնագրում ամփոփված բոլոր դրույթները: