Երևանի քաղաքապետը պարգևատրել է «Ակտիվ քաղաքաց...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին ու քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցություն են ունեցել այդ խնդիրների լուծմանը: Այս մասին տեղեկանում է քաղակապետի «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակումից ու լուսանկարներից: 

««Ակտիվ քաղաքացի» հարթակը մեզ համար պարզապես տեխնոլոգիական գործիք չէ։ Դրա միջոցով մենք համատեղ փոխում ենք քաղաքային կառավարման ձևը՝ դարձնելով այն առավել հասանելի, բաց և քաղաքացիների կարիքներին արձագանքող։

Երևանը կառուցում է նոր՝ վստահության մշակույթ, որը ձևավորվում է թե՛ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրումով, և թե՛ ակտիվ երևանցիների ներգրավվածությամբ, ովքեր իրենց դիտարկումներով օգնում են տեսնել, ախտորոշել և լուծել խնդիրները։

Ամեն բարձրաձայնված հարց, պատասխան, արձագանք և լուծում այն հիմքն է, որի վրա ձևավորվում է մեր քաղաքի նոր դիմագիծը։

Քաղաքապետարանի ամենաակտիվ աշխատակիցները մեր թիմի առաջապահ ուժն են՝ այս նոր մշակույթի կրողն ու ձևավորողը։

Միևնույն ժամանակ, այս մշակույթի իրական շարժիչ ուժը քաղաքացին է՝ նա, ով նկատում ու բարձրաձայնում է խնդիրները։

Նրանց օրինակն ապացուցում է, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երևանցի մասնակցել իր քաղաքի բարելավմանը։

Սա այն Երևանն է, որին ձգտում ենք՝ բաց, հասանելի, ժողովրդավար ու պատասխանատու։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ նվիրման և ամենօրյա կարևոր աշխատանքի համար»,- նշված է քաղաքապետի գրառման մեջ: