
Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները: Հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում:
«Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։
Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։
Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»,- նշված է ուղերձում: