Երևանի քաղաքապետարանը ոչ թե 45, այլ 62 հատ տր...

Երևանի քաղաքապետարանը ոչ թե 45, այլ 62 հատ տրոլեյբուս կարող է գնել այն գումարով, որ հավաքվել է 2025 թվականի առաջին 5 ամիսներին տրանսպորտի ուղևորատոմսերի վաճառքից։ Ինչքա՞ն հասույթ է ապահովել միասնական տոմսային համակարգը, որտե՞ղ են այդ փողերը, ո՞վ և ինչպե՞ս է հավելյալ եկամուտ ստանում դրանից և ի՞նչ են փորձում հանրությունից թաքցնել մայրաքաղաքի ղեկավարները․ այս հարցերի պատասխանները՝ Factor TV-ի փաստաքննությունում։

Խոստումն ու գործը 2025 թվականի սկզբին քաղաքային իշխանությունը խոստացել է գնել 45 տրոլեյբուս։ Ամիսներ անց՝ հունիսի սկզբին հայտարարվեց, թե դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, հնարավոր չի լինի ձեռք բերել, քանի որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը հանգեցրել է թերհավաքագրումների և ակնկալված գումարը չկա։ Factor TV-ն քաղաքապետարանից պարզել է, որ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին վաճառվել է 6 մլրդ 28 մլն դրամի ուղևորատոմս, այսինքն՝ ամսական 1 միլիարդից ավելի։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր պաշտոնավարման ժամանակ գնված 1 տրոլեյբուսի համար վճարվել է 96 մլն դրամ։ Մաթեմատիկական պարզ հաշվարկով ստացվում է, որ հավաքագրված 6 մլրդ դրամով կարելի է գնել 62 հատ տրոլեյբուս։

Հասարակական տրանսպորտի ֆինանսական միակ օպերատորը «Թել-Սել» ընկերությունն է։ 2021, ապա 2022 թվականներին 2 անգամ է մրցույթ կազմակերպվել, և այս ընկերությունը 2 անգամ էլ հաղթել է (2-րդ անգամը միակ մասնակիցն էր)՝ դառնալով մենաշնորհատեր։ Սա էլ այն դեպքում, երբ մրցութային հանձնաժողովը բացասական գնահատական է տվել ընկերությանը։ Թեև 2024-ի սեպտեմբերին «Թել-Սել»-ը վաճառքի է հանել իր բաժնետոմսերը և դարձել բաց բաժնետիրական ընկերություն, սակայն նշանակալից բաժնետերերի կազմը չի փոխվել։ «Թել-Սել»-ի հիմնական բաժնետերերը, հիշեցնենք, օֆշորային ընկերություն, նախկին պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք են՝ Կիպրոսում գրանցված «Lendasy Trading» (51.33%), Տիգրան Սարգսյան (16%)՝ ՀՀ նախկին վարչապետ, Արամայիս Բադալյան (14%), Արամ Սարգսյան (4․36%)՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա, Տաթևիկ Ավետիսյան (5․42%)՝ 2007-2009-ին Կենտրոնական բանկում Տիգրան Սարգսյանի խորհրդական, ապա տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ, ներկայում «Թել-Սել»-ի խորհրդի նախագահ Արտաշես Ավետիսյանի դուստր։

Factor TV-ի տեղեկություններով՝ «Թել-Սել»-ը, հավաքագրելով ուղևորատոմսերի դիմաց գումարները, դրանք անմիջապես չի փոխանցում տրանսպորտային օպերատորներին («Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ) կամ համայնքային բյուջե, այլ որոշակի պարբերականությամբ՝ 15 օրը մեկ է փոխանցում, իսկ այդ ընթացքում մեր և ձեր փողերը չեն «քնում», ակտիվ աշխատում են ու նոր եկամուտ ստեղծում շահագրգիռ անձանց համար։ Օրինակ՝ ֆինանսական աշխարհում հայտնի ներդրումային գործիք է օվերնայթը (overnight), երբ կուտակված փողն աշխատանքային օրվա ավարտին կամ հանգստյան և տոն օրերին տրվում է տոկոսով՝ 1 գիշերով, նաև տարածված է ցպահանջ ավանդը։ Այսինքն՝ հաջորդ օրը կամ երբ հաճախորդը պահանջի, գումարը տոկոսներով վերադարձվում է նրա հաշվին: