Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի՝ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռանալու թեմային և Մարությանի արձագանքին, Մարությանին կոչ է արել հիշել իր տված խոստումները երևանցիներին:
«Ես ինչ ասել եմ, որևիցե սխալ բան չեմ ասել։ Իրականությունն եմ ներկայացրել։ Հարգելի քաղաքապետին ուզում եմ ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ։ Ինքը թող հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տրված խոստումները և աշխատի դրանք կատարել: Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ խոսում է իրականապես։ Քաղաքապետն ինքը չի տիրապետում իրավիճակին», – հավաստիացրեց նա՝ լրագրողներին ներկայացնելով Երևանի քաղաքապետի ստորագրությամբ Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցի շինթույլտվության փաստաթուղթը:
Ծառուկյանը նաև նշել է, որ Աբու Դաբիի թագաժառանգը Երևանում եղել է 2019թ-ի ապրիլի 26-ին:
«Աբու Դաբիի թագաժառանգը պատրաստակամություն է հայտնել Երևանի կենտրոնում սահմանվածից կրկնակի թանկ տարածք գնելու, իսկ քաղաքապետն ասում է՝ նման բան չի եղել: Ասել են՝ գնացեք ինքներդ տարածք գտեք։ Իրենք էլ ասում են՝ գնայինք, գտնեինք, էլ ինչի՞ էինք ձեզ մոտ գալիս»։
Նա նաև նշեց՝ եթե ինքն այս ամբողջ պատմության մեջ որևէ բան սխալ է ասել, որը կարող են ապացուցել քաղաքային իշխանությունները, ապա պատրաստ է ներողություն խնդրել, բայց եթե սուտ են խոսում քաղաքային իշխանությունները, վերջիններս պետք է հրապարակային ներողություն խնդրեն։



