Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանը, շատ կարճ ժամանակ լինելով ավագանու անդամ, հասցրել է մասնակցել պետական գնումներին։ Զաքարյանը գրեթե 1 տարի է, ինչ ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

 

Փոխնախարարը 2022-2023 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ։

 

2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։

Ուսումնասիրելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիրը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 8 մլն 580 հազար դրամ, որից 2 մլն 367 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից։

Փոխնախարարը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունից 4 մլն 689 հազար դրամ։ Նույն ընկերությունից Զաքարյանը ստացել է նաեւ 900 հազար դրամ՝ վարձակալության դիմաց։

Է. Զաքարյանը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ-ից 623 հազար դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ին եւ գերմանական s.Oliver հագուստի բրենդի ֆրանչայզերն է Հայաստանում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից։Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամ դարձել է, ըստ հայտարարագրի 24․03․2022-ին: «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Իրավական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 44.78 %-ը պատկանում է Էդգար Զաքարյանին, իսկ 22.39 %-ը՝ Գեւորգ Զաքարյանին։

Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ի հետ 2022 թվականից պայմանագրեր են կնքել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը եւ Երեւանի քաղաքապետարանը։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ «շինարարական աշխատանքների» համար կնքվել է 3 մլն 964 հազար դրամ արժեքով պայմանագիր։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքվել է 8 մլն 813 հազար դրամ արժեքով պայմանագիր՝ «կառույցների կառուցման աշխատանքներ «Տերյան 105 հասցեում պտտադռնակի ծածկի եւ անցակետերի իրականացում» ծառայության համար։