Նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգներում օդային հաղորդակցության լայնածավալ խափանումներ են արձանագրվել։ FlightAware պորտալի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 7,2 հազար չվերթ։
Ծառայության վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում հետաձգված մեկնումների ընդհանուր թիվը գերազանցել է 6,8 հազարը։ Եվս 400 չվերթ ամբողջությամբ չեղարկվել է։
Չվացուցակի զանգվածային փոփոխությունների հիմնական պատճառներից մեկը Delta Air Lines ավիաընկերության համակարգերում տեղի ունեցած լայնածավալ տեխնիկական խափանումն է եղել, հայտնում է New York Post թերթը։ Նշվում է, որ խնդիրներ են առաջացել ինքնաթիռների քաշի և ծանրության կենտրոնի դիրքի հաշվարկման համար նախատեսված ծրագրային ապահովման մեջ (weight and balance)։
Այս խիստ կարևոր ընթացակարգն անհրաժեշտ է յուրաքանչյուր թռիչքից առաջ թռիչքի անվտանգությունն ապահովելու համար։ Տեխնիկական անսարքության հետևանքով ավիափոխադրողի հարյուրավոր չվերթներ չեն կարողացել ժամանակին մեկնել օդանավակայաններից։



