Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 3...

Երևանի քաղաքապետարանը 2024 թվականի ընթացքում կանաչապատման ոլորտում իրականացրել է 30 կիլոմետր ոռոգման ցանցի ներդրում, աշխատանքներն այս տարի ևս կշարունակվեն:

Այս մասին բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ 2024 թվականին շուրջ 5000 տարբեր տեսակի ծառ է տնկվել Երևան տարբեր վարչական շրջաններում:

«Ոռոգման ցանցի ներդրման, ընտրված ծառատեսակների և ցուցաբերած մոտեցման արդյունքում մենք ունեցել ենք շուրջ 95 տոկոս ծառերի կպչողականություն: Ես կարծում եմ, որ այս ցուցանիշները մենք էլ ավելի կլավացնենք, ինչի արդյունքում կավելանա Երևանի կանաչ ֆոնդը»,-ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը:

Կոստանյանը շեշտեց՝ տարիներ շարունակ Երևանում և մարզերում իրականացվել է կանաչապատում, տնկվել են ծառեր, բայց չի եղել ոռոգման համակարգ:

«Եթե հետ նայեք և տեսնեք տարբեր տարիներին տարածված տեսանյութերը տարբեր տեղերում ծառատունկ իրականցնելու մասին, և գնաք տեսնեք այդ ծառերն ինչ վիճակում են, ապա շատ դեպքերում կարող եք ականատես լինել, որ այդ ծառերը չկան, որովհետև եթե չկա ոռոգման համակարգ, ապա այդ ծառերը ինչ-որ մի պահից կվերանան»,-ասաց Հայկ Կոստանյանը:

Նա նաև հիշեցրեց, որ առաջիկայում ունենալու են ծառատունկ թե՛ այգիներում, թե՛ այլ հասցեներում: